ՈՒկրաինայի հետ Թուրքիայի ռազմատեխնիկական համագործակցությունը տարակուսելի է՝ Hurriyet թերթին տված հարցազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը. «Թուրքական զենքն օգտագործվում է ՈՒկրաինայի զինված ուժերի կողմից ռուս զինվորականների և խաղաղ բնակիչների սպանության համար։ Սա չի կարող տարակուսանք չառաջացնել թուրքական ղեկավարության կողմից միջնորդական ծառայություններ մատուցելու պատրաստակամության մասին հայտարարությունների ֆոնին»,- շեշտել է Լավրովը։               
 

Պատրաստվեք փոփոխությունների, եթե նույնիսկ պատրաստ չեք

Պատրաստվեք փոփոխությունների, եթե նույնիսկ պատրաստ չեք
15.01.2013 | 02:11

Իտալիայից նոր վերադարձած ընկերս, որ քանիցս եղել է ոչ միայն Հավերժական քաղաքում, այլև մյուս քաղաքներում, անթաքույց հրճվանքով պատմում էր իր ուղևորության մանրամասները` անփոփոխ հիացմունքով խոսելով ոչ միայն Հռոմի, այլև ամբողջ երկրի անխախտ ձգողականության, իտալացիների հմայքի ու այլ առեղծվածների մասին, որ պահպանում է Իտալիան հազարամյակների միջով: Իսկ երբ խոսակցությունը կամաց փոխադրվեց Հայաստան` իր համար էլ աննկատ նրա մրսածությունից մի քիչ խզված ձայնի մեջ մարեց ծովի, արևի, քամու ու կեսարների երկրի հարուցած բերկրանքը: Ես, իհարկե, գիտեմ` ինչու: Ինքս էլ բախտ ունեցել եմ Իտալիան տեսնելու իր կարճատև, բայց անհավանական գայթակղության ողջ հմայքի մեջ, ու վերադառնալու Երևան: Այնուամենայնիվ, հարցը մնում է` ինչո՞ւ: Ճգնաժամերի ու ռեցեսիայի, քաղաքական վերուվարումների մեջ խրված Իտալիան մնում է սքանչելագույն երկիր, ինչպես Ֆրանսիան, Բելգիան, Իսպանիան (թույլ տվեք թվարկումը չշարունակել), իսկ Հայաստանը համեմատության ոչ մի եզր չի գտնում: Դառը հարց է` ինչո՞ւ:
Մենք, որ գալիս ենք մեր անցյալից, և նրանք, որ գալիս են իրենց անցյալից, ի՞նչ անհաղթահարելի տարբերություններ ունենք, որոնք այդքան ակնհայտ են դառնում համեմատության հարթության մեջ: Միայն կենսամակարդա՞կն է պատճառը: Աշխարհընկալո՞ւմը: Աշխարհագրական տարա՞ծքը: Հարևանների տարբերություննե՞րը: Թվաքանա՞կը: Պատմական անցյալի իմաստավորման տարբերություննե՞րը: Տնտեսակա՞րգը: Այս բոլորի համադրումը, թերևս: Եվ այն, որ մենք դեռ չենք սովորել համադրել, մենք դեռ ընթանում ենք հակադրություններով առաջ գնալու խոտոր ճաապարհով, որը բազմիցս ոչ մի տեղ է տարել, բայց մենք նաև փակուղիներում, ինչպես խաչմերուկում, ապրելուն ենք ընտելացել: ՈՒ հարմարվում ենք, ինչպես կարողանում ենք: Կորուստներին էլ ձեռքբերումների կարգավիճակ տալով, վատի մեջ լավը տեսնելով, անկապ մի լավատեսությամբ, որ սահմանակցում է պարզ անզորությանը: Եվ մեզնից լավագույնները, որ դեռ համառորեն պահպանում են մտածելու և եզրակացություններ անելու ունակությունը, իրենց սփոփում են փաստերով` բայց կանք, չէ՞, դեռ կանք, ուրեմն առաքելություն ունենք, որ իրականացնում ենք նույնիսկ ի հեճուկս մեզ ու իրականացնելու ենք` ի հեճուկս մեզնով չխանդավառվողների ու մեզ համար չաղոթողների: Համաձայն եմ, բայց հաստատ հաջողություն չես անվանի երկու օրվա անելիքը երկու ամսում անելը` թե ուղղակի, թե փոխաբերաբար, թե պատմական, թե գործնական կտրվածքով: Ես նվնվացողների ու հավիտենական դժգոհների ցեղից չեմ, ես սև ակնոց չունեմ, ես ուզում եմ, որ իմ երկիրն էլ ունենա հավիտենական ձգողականության անխաթար հմայքը, որ թույլ չի տալիս իր սահմանների ուղեգծից երկար բացակայել, որ վերադառնում է` որտեղ էլ լինես, ու վերադարձնում է` ով էլ լինես: Իսկ իմ երկիրն այսօր բացահայտորեն շատ հեռու է այդ երկիրը լինելուց: Եվ ինձ բացահայտորեն չի բավարարում այն բացատրությունը, որ ժամանակ է պետք, և այլն, և այլն, որովհետև ես փառահեղ գիտեմ, որ ժամանակները երբեք չեն լինում բարեհարմար ու նպաստավոր, նրանք լինում են անընդհատ ու փոխկապակցված: Չկա ոչինչ, որն անփոփոխ հաստատուն է ու անկախ գոյություն ունի, ամեն ինչ ընդամենը պայմանականություն է` կոնկրետ ժամանակի մեջ ու կոնկրետ տարածքի, որն իմաստավորվում է ընկալման մեջ: Հաջորդ պահին փոխվում են թե՛ ժամանակը, թե՛ տարածքը, թե ընկալումը: Միակ հավերժականը հավերժական ընթացքն է և մենք` այդ ընթացքի մեջ: Ավելի ճիշտ` մեզնից ինչ-որ մեկը, որ շարունակում է իմաստավորել:

Իսկ երբ ազգովին դադարում ենք իմաստավորելուց, հարկադրված ենք լինում ապրելու դադարի մեջ, որ խլում է մեր կյանքի ժամանակը, բայց ոչ մի պահ չի խլում ժամանակից: Կրկնում եմ` ես նվնվան չեմ, ոչ էլ սև է ակնոցս, ոչ էլ հավերժական դժգոհների ցեղից եմ: Բայց չմտածել չեմ կարող: Կեսգիշերին օր է փոխվում, կեսգիշերից օր է սկսվում, իսկ մենք անգամ կեսօրին երբեմն չենք զգում նոր օրը:
Քաղաքականությունը հրապարակախոսության, հրապարակախոսությունը լրագրության հետ խառնաշփոթելու մեր ժամանակներում, բարեբախտաբար, դեռ կան նրանք, որ չեն կորցրել հարցեր տալու կարողությունը, նույնիսկ եթե ակնհայտ են թե հարցերի պատասխանները, թե պատասխանների տարբերակները: Հենց նրանց է տրված սահմանները պահելու դժվար գործը` երևույթների ու իրադարձությունների, փաստերի ու մարդկանց մեջ չմոլորվելու բարդ արվեստը: Մնացածը համարյա թե տեխնիկայի հարց է: Տեխնիկայի հարց` բոլոր նրանց համար, ովքեր համարում են, որ փոփոխությունները միայն օրինաչափ ընթացք կարող են ունենալ, ովքեր բացառում են ինքնաբուխ փոփոխությունները, որոնց առանցքը հանկարծակի, ինքնուրույն ու ազատ ընդունած որոշումներն են: Բացառում են, որովհետև ընտելացել են օրինաչափությունների թելադրող ընթացքին ու համարում են, որ ամեն ինչ կանխորոշված է, իսկ մեզ վերապահված ազատությունը մոռացել են: Մոռացել են, որ անսպասելի մի քայլով իրավիճակ փոխելու հնարավորությունը Աստծո տված ընտրության մեջ է: Պարզապես նրանց գետնին են գամում պատասխանատվության բեռը և այն վախը, որ անմտած ինքնաբուխ քայլով կորուստի դուռ են բացելու ու չեն գտնելու ոչինչ: ՈՒ պարզվում է` որքան խելամտություն, նույնքան հանդգնություն է անհրաժեշտ, որպեսզի շարունակվի ընթացքը: Օ՜, փոփոխությունների դժվար արվեստը հասու չէ ամեն տեղ ու ամենքին:
Չինական փոփոխությունների մեծ գիրքը առանց զղջումի` լիարժեք վերադարձի համար պայման է դնում. «Երբ բնական փոփոխությունների շնորհիվ վերադարձը սեփական ճիշտ ուղու վրա հնարավոր է դառնում, թերի է մնալու, եթե չես քավել ուղուց շեղվելու ընթացքում գործած մեղքերդ ու չես վերհանել ու վերլուծել քո բոլոր սխալները: Քանի դեռ նման մոտեցմամբ ես առաջնորդվում, կկարողանաս գիտակցաբար հրաժարվել նույն սխալների կրկնությունից, և վերադարձդ լիարժեք ու արժանապատիվ կլինի, այդ իսկ պատճառով այլևս չես զղջա բացթողումների համար»: Կենսական ու արդիական է, չէ՞, հայերիս համար: Հաստատ, բայց մի վերապահումով` երբ այդ պայմանը մեկ անգամ կատարում ու առաջ ենք գնում: Ի տարբերություն չինացիների, մենք գերազանցապես խրվում-մնում ենք նույն պարույրում ու անընդհատ նույն սխալների նույն կրկնության, նույն վերլուծության մեջ ենք գտնում կյանքի ու գոյության իմաստը: Հետևանքը` տեսեք ուր է հասել ու հասնում Չինաստանը, որտեղ ենք մնացել ու մնում ենք: Հավատացած եղեք, որ Չինական մեծ պատն ու պատմությունը, տարածքն ու կայսրությունը այս ամենի ոչ թե պատճառը, այլ հետևանքն են:
Իտալիայից նոր վերադարձած ընկերոջս այս ամենը չասացի, նա ինքն էլ լավ գիտի, բայց համառորեն նրանից էի ուզում լսել իմ չտված հարցի պատասխանը, որ ավելի շատ «երբ»-ին էր վերաբերում, քան «ինչու» էր, քանի դեռ մենք չենք սովորել տարբերել պատմության կառքն արդիականության սայլից: Սայլ, որին, անհրաժեշտ չորս անվից բացի, կցում ենք հինգերորդ-վեցերորդը, կցվում ու կցվում ենք` ով չի ալարում, ու սայլը տեղից չի շարժվում: Այդ պատճառով էլ պատմության մեր կառքը, գնացքի պես, ռելսերով է շարժվում` նույն ռելսերով, նույն կանգառների միջև, որ նույն անուններն ունեն` պատմական ու անգո: Իսկ կենսական էներգիան կուտակվում է ու կուտակվում, ոչ մի տեղ եզր չտվող մեր էներգիան համարյա թե սակրալ ուժ ունի արդեն, բայց մենք չգիտենք ինչպես անվանել ու որտեղ օգտագործել, որովհետև մոռացել ենք, որ աշխարհում ամեն ինչ փոխկապակցված է, որ ժամանակը մենք ենք, ու մեր միջով է անցնում երկրի ու երկնքի կապը, որ երրորդությունը մեզնով է ձևավորվում: Մոռացել ենք, որ Աստծո պատկերով ու նմանությամբ ենք աշխարհ գալիս: Հավատը այնքան նման է լեթարգիական քնի. առանց հավատի` ապրում ես քնած, ու արթնանում ես` հավատալով: Ոչինչ, որ նույն այդ հավատը երբեմն նաև Պանդորայի արկղ բացելուն է նմանվում. մինչև չբացես, փակելը չես սովորի:
Ֆլորենցիան աշխարհի ամենագեղեցիկ քաղաքն է կեսօրին, երբ անհետանում են ստվերները: Հիմա, երբ փորձում եմ հիշել Ֆլորենցիան, Միքելանջելոյից, Բրունելեսկիից, Լեոնարդո դա Վինչիից, Վազարիից, Դանթեից, Սավոնարոլայից ու Մաքիավելիից առաջ Առնոյի ջրերն են ծփում: Գետ, որ քաղաքը չի կիսում, գետ, որ քաղաքի մասն է, քաղաքն է, թեև անդուլ հոսում է ու ինքն իրեն չի կրկնում: Մեր հիշողության գետերը նման են Առնոյի՞ն, թե՞ Լեթային, ո՞ւր են տանում` դեպի երկի՞ր, թե՞ մոռացում:
«Քանի որ նախորդ փուլից ի վեր այլևս ընկալել ես վերադարձի անհրաժեշտությունը, այժմ ճիշտ ես շարժվում` դեպի վերադարձ, որ անդադար գործունեություն է պահանջում: Տարբեր ուժեր կարող են քեզ կրկին շեղել ճամփից, դու պետք է լինես ինքնուրույն` սեփական ուժերիդ ապավինելով, և անգամ միայնակ` պատրաստ լինես վերադառնալու սեփական ուղու վրա», ինքնուրույն վերադարձի ճիշտ շարժումն է բնորոշում Փոփոխությունների չինական մեծ գիրքը: Եթե չինացու նախախնամության գաղտնիքները մեկնող գրքին հայի ձեռք դիպած լիներ իր պատմության մեջ, սկզբում կամ վերջում հաստատ մի ընդարձակ ու մանրակրկիտ շարադրված գլուխ կունենար, որ ինչ էլ կոչվեր հեղինակի կամքով, բովանդակելու էր համատիեզերական մի ողբ` առ անցյալը, ներկան ու ապագան: Բայց գոնե մի տող, մի բառ, մի հարցական չէր լինելու առ այն, թե ինչ ու ինչպես է պետք փոխել, ու անփոփոխությունների տևականության մեջ ի՞նչ պիտի անես կոնկրետ դու, որ գրել ես, որ կարդում ես, որ գրել-կարդալ չգիտես էլ, բայց ապրում ես: Երբ իմաստուն Սոկրատեսն իր աշակերտներին ուսուցանում էր` ինչպես ճշմարտությունը գտնել, նրանց բնավ թերարժեքությամբ չէր ուզում բարդույթավորել` ասելով «Մեղավորի որոնումները սկսիր ինքդ քեզնից»: ՈՒ չասենք, թե Սոկրատեսի ժամանակներն անցել են: Ի վերջո, գուցե շատ էլ ճիշտ էին հին հռոմեացիները, երբ ասում էին` ժամանակն անշարժ է, այդ մենք ենք գնում-գալիս: Պարզապես մենք չենք հասկանում նրանց հասկացածը, մենք մեր հասկացածն ենք նրանց վերագրում ու անհեթեթություն որակում: Դա էլ գործ է` անվանելը, երբ չգիտես անունը: Ասել եմ, չէ՞, որ նվնվալ չեմ սիրում, բայց երբեմն պետք է կարողանալ նաև լաց լինել:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Հ. Գ.- Ներեք ինձ ևս մեկ մեջբերման հաճույքը. «Դու կարողացար անցնել նոր իրավիճակի: Այժմ տոնում ես բարդ փորձությունների հաղթահարումը, սակայն նույնիսկ նման վիճակում չպետք է մոռանաս քո ճշմարիտ նպատակներն ու պետք է պահպանես իրավացիությունդ: Տոնելու կանգառի համար չես մեղադրվի, քայլդ հասկանալի է, բայց հնարավոր է, որ տարվես հաղթանակներով ու հապաղես և դրանով կորցնես ճշմարտությունդ»:
Եթե որևէ մեկիդ թվաց, որ ոչ մի բառ չեմ գրել նախագահական ընտրությունների, ընտրվողների ու ընտրողների, ընտրապայքարի ու հեռանկարների, արտաքին ու ներքին հանգամանքների մասին, խորապես սխալվում եք, դուք պարզապես չեք կարողանում ամբողջի մեջ մասը տեսնել, մասի մեջ` ամբողջը հասկանալ: ՈՒ ես չեմ մեղավորը: Պատրաստվեք փոփոխությունների, եթե նույնիսկ պատրաստ չեք:

Դիտվել է՝ 2984

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ